ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Կարդալն իրականում ամենահետաքրքիր խաղն է, որով կարող եք զբաղվել»

«Կարդալն իրականում ամենահետաքրքիր խաղն է, որով կարող եք զբաղվել»
08.05.2012 | 00:00

2012 թվականին «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում «Լավագույն երիտասարդ արձակագիր» ճանաչված բրիտանացի ԹՈԲԻ ԼԻԹԸ հանդիպեց հայ երիտասարդ գրողների հետ. քննարկեցին հայ-բրիտանական գրական կապեր ստեղծելու, համատեղ արձակ ստեղծագործություն գրելու, ինչպես նաև գրական աշխարհում միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունները:

Բրիտանացի գրողին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան նաև լրագրողները: Գրողն իր խոսքում նկատեց, որ «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» միջոցառումները չեն կարող սահմանափակվել միայն «փարթիներով»: «Հայաստանն այն երկրներից է, որտեղ գիրքն է պետականություն ստեղծել, պահպանել լեզուն, երկիրը,- ասաց նա:- Այստեղ գիրքն ավելի շատ ազգային ինքնության հարց է: Այս առումով Երևանին գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչում տալը շատ ավելի լուրջ է, քան, օրինակ, Բուենոս Այրեսին, որտեղ կարդալն ավելի շատ ժամանց է»: Ինչ վերաբերում է ընթերցանության պակասին, գրողի կարծիքով` որպեսզի մարդիկ վերադառնան ընթերցանությանը, գրքերը պետք է ձանձրալի չլինեն: «Սոցիալական մեդիան մարդկանց զբաղեցնում, զվարճացնում է շատ ավելի կարճ ժամանակով, և գիրքը պետք է մարդկանց ասի, որ դուք կարող եք ձեր ժամանակն այլ կերպ օգտագործել, որ ընթերցանությունը աշխատանք չէ: Կարդալն իրականում ամենահետաքրքիր խաղն է, որով կարող եք զբաղվել, քանի որ պատկերացումները ձեր սեփականն են»,- ասաց Թոբի Լիթը: Անդրադառնալով աուդիո գրքերին, որպես ընթերցանությունը խթանելու տարբերակի, նա նշեց. «Երբ կարդում ես, քո միջի ձայնն ես լսում: Աուդիո գրքերը մեկ դերասան են պահանջում, ասես ռադիոներկայացում ես լսում։ Վատ չէ, բայց կարդալ չէ»:

Ի դեպ, սա Թոբի Լիթի երրորդ այցն է Հայաստան: Երկրորդ այցի ժամանակ նա BBS հեռուստաընկերության համար Հայաստանի մասին երկու ռադիոհաղորդում է պատրաստել: Խոստովանում է, որ Հայաստանն իր սիրած երկրներից է, և շատ է մտածում, թե իր գործերն այստեղ ինչպես կընդունվեն` հետաքրքրությա՞ն կարժանանան, թե՞ անտարբերության կմատնվեն: Հարց է առաջանում. այսքան տպավորություններից հետո Հայաստանն ու հայկական իրականությունը տեղ գտնելո՞ւ են բրիտանացի գրողի գործերում: Պարզվեց, որ Հայաստանն արդեն իսկ արտացոլվել է նրա գրականության մեջ: «Ֆանտաստիկ ժանրի վեպ եմ գրել, ուր տիեզերանավը գնում է շատ հեռու, և այդ տիեզերանավը կոչել եմ Հայաստան»,- ասաց նա:

Նրա գործերի հայերեն թարգմանություններ առայժմ չկան: Հարցին` ինչո՞ւ է գրում այբբենական կարգով, գրողն անկեղծորեն պատասխանեց, որ հաճելի է մտածել, թե նույնքան գիրք ունես գրելու, որքան տառերի քանակն է:

Եվ վերջում` Ցեղասպանության մասին: Թոբի Լիթը Հայոց ցեղասպանությունը համարում է պատմական փաստ, որը պետք է միջազգայնորեն ընդունվի բոլոր պետությունների կողմից, աշխարհի վերաբերմունքը պետք է շատ լուրջ լինի այս հարցում:

Նշենք, որ Թոբի Լիթը Հայաստան է այցելել մշակույթի նախարարության հրավերով, իսկ հայ երիտասարդ գրողների հետ հանդիպումը նախաձեռնել էր Բրիտանական խորհուրդը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ